Skip to content

Դիտորդ մարմնի որոշումը` «Առավոտ» օրաթերթի և «Արմենիա» հեռուստաընկերության միջև կոնֆլիկտի կապակցությամբ

Հարցի նախապատմությունը. 2008թ. հունվարի 11-ին «Առավոտ» օրաթերթը հրապարակել է «Գաֆեսջյանների ու Սարգսյանների «միությունը» չհաջողվե՞ց» հոդվածը, որտեղ խոսվում էր «Արմենիա» հեռուստաընկերության համասեփականատերերի` Սարգսյան ընտանիքի և հայկական ծագումով ամերիկացի մուլտիմիլիոնատեր Ջերարդ Գաֆեսջյանի միջև տարաձայնությունների, հեռուստաընկերության բաժնեմասերի մի մասի վաճառքի, աշխատավարձերի բաշխման և վճարման, ինչպես նաև իրագործվող նախագծերի իբրև թե գոյություն ունեցող խնդիրների շուրջ տարածվող բամբասանքների մասին: Հունվարի 12-ին «Արմենիայի» եթերով ցուցադրվեց հեռուստաընկերության համասեփականատեր Բագրատ Սարգսյանի ելույթը, որում նա հերքեց «Առավոտում» հրապարակվեց տեղեկությունը և հայտարարեց, որ հանդես է գալու թերթի դեմ դատական հայցով:

Հունվարի 15-ին Դիտորդ մարմինը դիմեց «Արմենիա» հեռուստաընկերությանը և «Առավոտ» օրաթերթինկոչ անելով կոնֆլիկտը լուծել արտադատարանական կարգով: Ընդգծելով, որ խնդրի տեղափոխումը դատական ատյաններ կարող է խիստ վնասել զանգվածային լրատվամիջոցների վարկին Դիտորդ մարմինը հեռուստաընկերությանը կոչ արեց իրավիճակը հարթել բանակցությունների ճանապարհով, իսկ թերթին` պատրաստակամություն հայտնել մասնակցելու դրանց:

Արդյունքում «Առավոտի» և «Արմենիայի» միջև ձեռք բերվեց հերքում տպագրելու մասին գրավոր համաձայնություն: Այն տպագրվեց «Առավոտի» հունվարի 19-ի համարում` «Արմենիան» իսկապես ծաղկում է» վերնագրով: Այստեղ ասվում էր, որ հունվարի 11-ի հոդվածում «Արմենիա» հոռսւտաընկերության մասին բերված փաստերն իրականությանը չեն համապատասխանում: