Skip to content

Դիտորդ մարմնի 2011թ. հունիսի 1-ի որոշումը

Դիտորդ մարմնի 2011թ. հունիսի 1-ի որոշումը`«Կենտրոն» հեռուստաալիքի «Ուրվագիծ» բանավիճային հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանի դեմ ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանի բողոքի կապակցությամբ

Հարցի նախապատմությունը. «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանը դիմել էր ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին` բողոքելով «Կենտրոն» հեռուստաալիքի «Ուրվագիծ» բանավիճային հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանի դեմ: Արմեն Հովհաննիսյանն իր նամակում նշում է, որ «Ուրվագիծը» վարողը Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման խնդրին նվիրված հաղորդումներին հրավիրում է բացառապես այն մարդկանց, որոնք կողմ են այդ նախաձեռնությանը: Մինչդեռ «Մենք դեմ ենք…» շարժման ներկայացուցիչները երբեք չեն մասնակցել այդ հաղորդմանը: Արմեն Հովհաննիսյանը մեղադրել էր Պետրոս Ղազարյանին հիմնախնդրի միակողմանի լուսաբանման, ինչպես նաև կողմնակալության համար:

Դիտորդ մարմինը Պետրոս Ղազարյանին առաջարկել էր սույն վեճում հանդես գալ որպես միջնորդ («Կենտրոն» հեռուստաընկերությունը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ): Լրագրողն ընդունել էր առաջարկը:

Քննարկելով բողոքը` 2011թ. հունիսի 1-ին ԴՄ-ն եկավ այն եզրակացության, որ Պետրոս Ղազարյանը չի խախտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը: Դիտորդ մարմինը ի գիտություն էր ընդունել այն փաստը, որ «Ուրվագիծ» հաղորդմանը մասնակցել են օտար լեզվով կրթության ներմուծմանը ինչպես կողմ, այնպես էլ դեմ անձինք: ԴՄ-ն նաև նշել էր, որ լրագրողն իրավունք ունի որևէ հարցի առնչությամբ արտահայտել սեփական դիրքորոշումը, և դա ժուռնալիստական էթիկայի խախտում չէ: