Դիտորդ մարմնի որոշումը` «Խուստուփ» հեռուստաընկերության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի բողոքի կապակցությամբ:
Հարցի նախապատմությունը. 2010թ. հունիսի 8-ին Ղափանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն դիմել էր Դիտորդ մարմնինմասնագիտական էթիկայի կանոններին տեղական «Խուստուփ» հեռուստաընկերության գործողությունների համապատասխանության փորձագիտական եզրակացություն տալու խնդրանքով: ՀԿ–ի նախագահ Ռաֆայել Ասրյանի նամակում նշվում էր, որ 2005թ. «Խուստուփ» հեռուստաընկերության և «Դինո գոլդ մայնինգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, համաձայն որի՝ հեռուստաընկերությունը պետք է լուսաբաներ այդ հանքարդյունաբերող ձեռնարկության գործունեությունը: Ռաֆայել Ասրյանին մեղադրանքի տեղիք էր տվել այդ լուսաբանման բնույթը` միակողմանի և բացառապես դրական լույսի ներքո:
Դիտորդ մարմինը հեռուստաընկերությանը նամակով առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ («Խուստուփ» հեռուստաընկերությունը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ):
2010թ. սեպտեմբերի 11-ի պատասխան նամակում հեռուստաընկերությունն ընդունեց այդ առաջարկը և գործի առավել մանրամասն քննության և փաստերին ծանոթանալու համար Դիտորդ մարմնի անդամներին հրավիրեց Ղափան` հանդիպելու կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ:
Դիտորդ մարմինը «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ին տեղեկացրեց Ղափան այցելելու իր մտադրության մասին: Սակայն 2010թ. սեպտեմբերի 28-ի նամակով ՀԿ-ն Դիտորդ մարմնին հայտնեց, որ հրաժարվում է նրա միջնորդությունից և պատրաստվում է դատական միջոցներ ձեռնարկել «Խուստուփ» հեռուստաընկերության դեմ: